Այս հոդվածը Cumhuriyet-ի հավատարիմ ընթերցողների համար չէ: Այս տողերը ես գրում եմ նրանց համար, ովքեր չեն գնում, չեն սիրում Cumhuriyet-ը և ձայն չեն բարձրացնի ի պատասխան մեր թերթի դեմ ճնշումների և մեր գործընկերների հալածանքների:
Իմ հոդվածը հասցեագրված է նրանց, որ նշանակություն չեն տալիս ժողովրդավարության հարցին, ում ոչինչ չի հուզում սեփական բարեկեցությունից բացի, ում համար կարևոր չէ, եթե հարևանը քաղցում է, ով չի գնահատում ինքնարտահայտման կամ քննադատական ձայնի ազատությունը, ով գոհ է ընթացիկ վիճակից և չի անհանգստանում, որ ամենուր նույն երգն են երգում:
Ես չեմ ձանձրացնի ձեզ մարդու իրավունքների, խոսքի ազատության և այլնի մասին խոսակցություններով: Ես առանց այդ էլ գիտեմ, որ դուք ոչինչ չեք ուզում լսել:
Ես կպատմեմ՝ ինչպես Cumhuriyet-ի վրա ճնշումներն ու մեղադրանքները վերաբերելու են ձեզ ու դատարկելու են ձեր գրպանները:
Հիմա ձեզ հետաքրքրեց, չէ՞: ՈՒրախ եմ:
Cumhuriyet-ի գործը եզակի դեպք չէ: Թուրքիայում ավտորիտարիզմի ընդհանուր միտումի մասն է, ինչպես մահապատժի մասին վեճերն ու մարդու իրավունքների մյուս ոտնձգությունները: Ավելին՝ դա Արևմուտքի հետ հարաբերությունները խզելու նախապատրաստություն է: Դրանում մենք համամիտ ենք:
Հետո: Թեպետ ժողովրդավարության ու տնտեսության մեջ չի կարելի հավասարության բացարձակ նշան դնել, նրանց միջև գոյություն ունի որոշակի համամասնական կապ: Հենց Թուրքիան հրաժարվի ժողովրդավարության նորմերից ու իրավական պետությունից, Արևմուտքի հետ հարաբերությունները կփլուզվեն, տնտեսությունը կթուլանա, բանկերը պրոբլեմներ կունենան վարկերի ու լիկվիդայնության հետ, երկրի վարկունակության վարկանիշը կընկնի, արտասանմանցի ներդրողները կդադարեն ներդրումներ անել, իսկ նրանք, որ եկել են, կգնան, ֆոնդային շուկան անկում կապրի, դոլարը՝ վերելք, ձեր տունը, սեփականությունը, ունեցվածքը կարժեզրկվեն, իսկ ձեր պարտքը կմեծանա:
Իսկապես, եթե դուք նավթ ունենայիք, այդ ամենը խնդիր չէր դառնա: Դուք կարող էիք ձեր ուզածն անել և ոչ մեկին թույլ չտալ՝ գլուխը բարձրացնի: Բայց Թուրքիան չունի նավթ, նրան գլոբալ ներդրումներ են պետք: Թուրքիան Եվրոպայի ստորոտում է, և լավ-վատ, պլյուրալիստական ժողովրդավարության որոշակի փորձ ունի: Երբ Թուրքիան հետ է գնում, բոլորն անմիջապես նկատում են: Բացի այդ՝ ներդրողները չեն ուզում գնալ այնտեղ, որտեղ իրավական պետություն չկա: Այդ պատճառով՝ մեկ անգամ էլ մտածեք:
Եթե դուք ասեք. «Մենք գլուխ կհանենք Պուտինի ու Կատարի շնորհիվ, իսկ երկրի ներսում կսեղմենք բանկերին ու տոկոսադրույքները կպահպանենք ցածր մակարդակի վրա: Դա խթանում է ներքին պահանջարկը, կպայթեցնի անշարժ գույքի շուկան, իսկ արտասանմանցի ներդրողների ազատած տեղը մենք կզբաղեցնենք պետական վիթխարի ծախսերով՝ կառուցելով ճանապարհներ, կամուրջներ»: «Միայն մասամբ»՝ կասեմ ես:
Նախ՝ եթե դուք այդքան ճնշեք բանկերին, հետագայում չեք կարող լիկվիդայնության ճգնաժամից խուսափել: Երկրորդ՝ այդ ամենը դուք նախկինում էլ արել եք, բայց կարողացե՞լ եք կանխել կապալառուների ու մանր օպերատորների սնանկացումը: Երրորդ՝ Ռուսաստանն ու Կատարը չեն փոխարինի արևմտյան ընկերություններին ու Եվրոպային՝ կարևորագույն առևտրային գործընկերոջը: Չորրորդ՝ դուք այդքան ժամանակ չունեք, որ չինական ոճով անցնեք նոր տնտեսական համակարգի՝ այդ կապալառուների միջոցով դուք պիտի ֆինանսավորեք բոլոր մակարդակների քաղաքականությունը: Հինգերորդ՝ ձեր ժողովուրդը ընտելացել է բարեկեցությանը, և երբ կենսամակարդակը ընկնի, ձեզնից պատասխան են պահանջելու: Վեցերորդ՝ ի՞նչ եք դուք անելու, երբ ԱՄՆ-ը բարձրացնի տոկոսադրույքները: Յոթերորդ՝ եթե դուք այդպես շեշտադրեք պետական սեկտորը, ինֆլյացիայի հետ ի՞նչ եք անելու:
«Այդ ժամանակ մենք կվերցնենք Սիրիայի ու Իրաքի որոշ շրջաններ: Այնտեղ շինարարություն կանենք: Տնտեսությունը կզարգացնենք էքսպանսիոնիզմի օգնությամբ Օսմանյան կայսրության օրինակով»՝ ասում եք դուք:
ՈՒ ինչպե՞ս եք Ջերաբլուսում ու Մանբիջում կիրառելու բանաձևը, որ չաշխատեց Թուրքիայում: Ո՞վ է վճարելու դրա դիմաց: ՈՒմի՞ց եք հարկեր հավաքելու: Ի վերջո, դա պլյուս-մինուսի հարց է, ոչ թե փողերը շաղ տալու: Փողերը երկիր չեն գալիս: Չեն էլ գա այսպիսի ժամանակներում:
Այդ պատճառով, քանի դեռ ուշ չէ, ևս մեկ անգամ մտածեք Cumhuriyet-ի գործի մասին…
Ասլի ԱՅԴԻՆՏԱՇԲԱՇ, Cumhuriyet, Թուրքիա
Հ.Գ. Ահա այսպես, պարզ, ցավով ու սիրով: ՈՒ՝ սրտանց: Վստահ չեմ, որ մտահոգ եմ Թուրքիայի բարեկեցության համար, բայց անկայունությունն ու քաղաքացիական բախումները Թուրքիայում միշտ ջարդվում են հայերի գլխին: Երբեք չեմ կարողացել Թուրքիային վերաբերվել իբրև օտար պետության, ինչպե՞ս օտար վերաբերվես Վանին, Աղթամարին, Սասունին, Զեյթունին, Գարահիսարին, Մուշին, Իգդիրին, Տարոնին, Անիին… Չգիտեմ: Պատմությունը՝ պատմություն, քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց կա ընդհանրական հիշողություն, որ քոնը չէ, քո ընտանիքինը չէ, քո տոհմինը չէ, բայց քո ցեղինն է, քո գենինն է ու քեզնից ավելին է:
Բռնապետ Էրդողանը այն Թուրքիայի պատմության էջը չէ, որ ցեղասպանություն է ճանաչելու, և որքան արագ այդ էջը թերթի Թուրքիան, այնքան լավ իր համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ